ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վարչապետն իր պարտքն է կատարել

Վարչապետն իր պարտքն է կատարել
17.10.2008 | 00:00

ԵՐԿՈՒ ՀԱՐՑ` ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«Ե՛Վ Դիք Չեյնին, և՛ Քոնդոլիզա Ռայսը կարևորում են հայ-թուրքական հարաբերությունները, և, բնականաբար, մեր հանդիպումների ժամանակ դա դարձավ քննարկման առարկա»,- կառավարության երեկվա նիստին հաջորդած ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ անդրադառնալով մեր հարցին. «Վաշինգտոնում Դուք ասել էիք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը ճիշտ չեն ընկալվում, և ոմանք դա համարում են զիջումային քայլ Հայաստանի կողմից։ Ի՞նչ նկատի ունեիք այս ասելով, և ինչպե՞ս պետք է իրականում այս միտքն ընկալվեր»։ «Մասնավորապես Ռայսն ու Չեյնին հետաքրքրված էին «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքով։ Ես տեղեկացրի, որ ՄԱԿ-ի գագաթաժողովում Թուրքիայի նախագահի և Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթները սառը ցնցուղի նման էին, քանի որ համահունչ չէին այն հանդիպումների ոգուն և ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք մենք արձանագրել էինք մինչ այդ։ Մասնավորապես, մենք վտանգավոր ենք համարում «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, որն իրեն թույլ տվեց հնչեցնել Թուրքիայի նախագահը։ Մամեդյարովի ելույթում միտք հնչեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևի տրամաբանությամբ։ Այս մոտեցումն ամբողջությամբ խեղաթյուրում է բանակցային գործընթացը։ Բնականաբար, իմ պարտքն էր դրա մասին տեղյակ պահել տիկին Քոնդոլիզա Ռայսին և փոխնախագահին։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ հավաստիացումներ ստացանք առ այն, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցություններն են։ Տիկին Ռայսը նշեց, որ ինքն այդ թեմայի շուրջ զրույցներ է ունեցել Ռուսաստանի իր գործընկերների հետ և համոզված է, որ բանակցություններն ունեն դրական ընթացք։ Միևնույն ժամանակ նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո կարող ենք այդ բանակցություններում լուրջ գործընթաց արձանագրել»։
Վարչապետի երեկվա ասուլիսը նպատակ ուներ ներկայացնելու ԱՄՆ կատարած իր այցելության արդյունքները։ Սակայն մինչ այդ նա լրագրողներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, ճիշտ է, առանց ծաղիկների։ Եթե ամփոփենք վարչապետի խոսքը վերը նշված այցի վերաբերյալ, ապա, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանը ձեռք բերված պայմանավորվածություններից ու հանդիպումներից գոհ էր, և, ըստ ներկայացվածի, Հայաստանի ձեռնարկած որոշ քայլերից, մասնավորապես հարկային ոլորտի բարեփոխումներից գոհ են եղել նաև միջազգային ֆինանսական կառույցները։ Լրագրողների հետաքրքրության շրջանակը (հարցերի առումով) լայն չէր և ավելի շատ ուղղված էր ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներին։ Բնականաբար, մենք ևս զերծ չմնացինք այդ գայթակղությունից և վարչապետից փորձեցինք ճշտել ևս մեկ հարց՝ ի՞նչ ծրագրեր են մշակվում, որպեսզի Հայաստանի ֆինանսական և տնտեսական շուկաները հնարավորինս զերծ լինեն միջազգային ֆինանսական շուկայի ճգնաժամի ազդեցությունից, եթե այն ներթափանցի Հայաստան։ Վարչապետն առաջին հերթին հորդորեց լրատվամիջոցներին՝ ապատեղեկատվությունից զերծ մնալ, քանի որ չճշտված տեղեկատվությունն ավելի մեծ վնաս կարող է հասցնել, և մանրամասնեց. «Որպեսզի ստեղծենք կայուն ֆինանսական միջավայր, նախապես ձեռնարկել էինք 2008 թ. միջոցառումների ծրագիր՝ մակրոտնտեսական կայունության ամրապնդման ուղղությամբ։ Այդ նպատակով շուրջ 13 մլրդ դրամով ավելացրինք հարկային հավաքագրումները և կրճատեցինք ծախսերը։ Նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը` էապես բարելավում ենք մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Այդ տեսանկյունից մենք անհանգստանալու բան չունենք։ Սրան զուգահեռ պետք է նշեմ, որ այն միջոցառումների զինանոցը, որը կիրառվում է զարգացած երկրներում, մեզ ևս թույլ է տալիս նույնիսկ ամենավատագույն սցենարի դեպքում կիրառել այն։ Կկարողանանք համակարգային ձևով միջամտել՝ թույլ չտալով որևէ ռիսկայնություն մեր ֆինանսական դաշտում»։ Այս լավատեսության հետ մեկտեղ վարչապետն ինքը նշեց այն հնարավոր խնդիրները, որոնք կարող են հետագայում տեղ գտնել Հայաստանում 2009-2012 թվականներին։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր ֆինանսական հոսքերին (նկատի ունենալով Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ), գնաճին, ՌԴ-ից եկող մարտահրավերներին (ֆինանսական դաշտում) և ՓՄՁ ոլորտի զարգացմանը։ Նշված բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ վարչապետը ներկայացրեց նախատեսվող կոնկրետ քայլեր։ Հիմնվելով ներկա ֆինանսական ցուցանիշների վրա (որոնք առանձնակի մանրամասնությամբ ներկայացրեց)՝ նա վստահեցրեց, որ այս պահին ֆինանսական հատվածի հուսալիության մակարդակը բարձր է և անհանգստության տեղիք չի տալիս։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4756

Մեկնաբանություններ